ՀՀ նախագահ. Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը`ելույթ ունենալով Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ժամանակ։
«Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակինԱրցախը բռնակցելու ձգտումները», – ընդգծել է նա։
Սարգսյանը նաև նշել է, որ բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:
«Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ», – նշել է ՀՀ նախագահը։
Նրա խոսքով, այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի:
«Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այսօրերին կայանում է Հայաստան-Սփյուռք համաժողովը», – նշել է ՀՀ նախագահը։
Սարգսյանի խոսքով, ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է։
«Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չիմ եկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից», – ընդգծել է ՀՀ նախագահը։
Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա։
«Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակի համար անօտարելի իրավունքի մասին է: Խոսքս կյանքի իրավունքի մասին է, հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, սեփական իշխանությունը ազատ ձևավորելուիրավունքի մասին է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու և բազմաթիվ այլ իրավունքների մասին է», – ասել է երկրի առաջնորդը։
Նրա խոսքով, Հայաստանը հետևողականորեն նպաստել և նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրակայուն և ժողովրդավարական զարգացմանը:
«Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին և ծրագրերին: Արցախի իրավական կարգավիճակը, իսկ ավելի ստույգ՝ միջազգային իրավական ճանաչման բացակայությունը, խոչընդոտ չէ այնտեղ ապրող կանանց և տղամարդկանց իրավունքների իրացման համար», – ասել է ՀՀ նախագահը։
Նա համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
«Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով: Միևնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդուիրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով», – ընդգծել է ՀՀ նախագահը։
Սարգսյանի խոսքով, կարգավորման ինչ տարբերակ էլ լինի, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի։
«Ադրբեջանը պետք էճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ», – եզրափակել է ՀՀ նախագահը։–0