Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգիռ է Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները տարեցտարի զարգացնել ու ավելի ամրապնդել

11.04.2017, 20:06
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգիռ է Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները տարեցտարի զարգացնել ու ավելի ամրապնդել

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին՝ հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նախարար Ջանելիձեի պաշտոնական այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը: ՀՀ նախագահը և Վրաստանի արտգործնախարարը երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորանում են տնտեսական հարաբերությունները և համագործակցությունը հումանիտար ոլորտում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են, և Հայաստանը շահագրգիռ է այդ բարիդրացիական հարաբերությունները տարեցտարի զարգացնել ու ավելի ամրապնդել:

Զրուցակիցները ջերմությամբ են հիշել մոտ մեկ տարի առաջ Երևանում ունեցած հանդիպումն ու արդյունավետ քննարկումները:

Նախարար Միխեիլ Ջանելիձեն բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացված զգալի աշխատանքը, նշելով, որ հատկապես վերջին տարիներին այդ հարաբերությունները բոլոր մակարդակներում և միջոլորտային շփումներում ակտիվացել են: 

Նա առանձնահատուկ նշել է էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել ամեն հնարավորը այդ ոլորտում առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հնարավորություններին, ԵՄ հետ երկխոսությանն ու համագործակցության ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին: Հանրապետության նախագահը և Վրաստանի արտգործնախարարը տարածաշրջանի զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորել են կայունությունն ու խաղաղությունը:

Նախարար Ջանելիձեն շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման և Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:–0–