Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ նախագահն ու ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարը քննարկել են ներքաղաքական վիճակն ու ղարաբաղյան հիմնախնդիրը

27.04.2018, 20:54
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
ՀՀ նախագահն ու ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարը քննարկել են ներքաղաքական վիճակն ու ղարաբաղյան հիմնախնդիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին և շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարի հայտարարության կապակցությամբ, որտեղ նա մասնավորապես շեշտադրել է քաղաքական գործընթացների բացառապես խաղաղ ճանապարհով ընթանալու, զսպվածության դրսևորման և առկա խնդիրները երկխոսության միջոցով, Սահմանադրության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը:

Նախագահ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների ու բոլոր քաղաքական ուժերի հավատարմությունն այս սկզբունքներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ 

Զրուցակիցները նաև առանձնահատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման խնդիրներին:

Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային խաղաղ գործընթացին և շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին անվերապահ աջակցության համար: Կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են Լեռնային ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության հնարավոր աճի բացառման անհրաժեշտությունը:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը և նշել վերջինիս կարևոր դերակատարությունը Հայաստանի զարգացմանն ու բարեփոխումներին աջակցելու գործում: 

Հանրապետության նախագահը վերահաստատել է 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված հրավերը:–0–