Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

ՀՀ նախագահն ընդունել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը

11.11.2016, 20:27
ՀՀ նախագահն ընդունել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ նախագահն ընդունել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ 

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ համոզված է՝ ինչպես միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերը, այնպես էլ երևանյան այս նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են հայ-ռուսական գործընկերության առավել ամրապնդմանն ուղղված երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի երկարամյա գործունեության շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերը ձեռք են բերել կայուն և դինամիկ բնույթ: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նաև բազմակողմ ձևաչափով հայ-ռուսական փոխգործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ուղղություններով ռազմավարական համագործակցության հետևողական խորացման կարևորությունը:

Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ միջխորհրդարանական հանձնաժողովի երևանյան նիստերից հետո իր գլխավորած պատվիրակությանն ավանդաբար հյուրընկալելու և արդյունավետ քննարկումների համար:

Նա ՀՀ նախագահին ներկայացրել է գործնական մթնոլորտում կայացած հանձնաժողովի նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու հետագա ծրագրերը:

Ընդգծելով, որ Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը վստահեցրել է, որ երկու երկրների խորհրդարանականները հանձնաժողովի ձևաչափով արել և անելու են ամեն ինչ՝ նպաստելու երկկողմ միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդմանն ու խորացմանը: –0–