ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվը
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։
«Նրանք հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մեր դիրքորոշման մասին, մենք պատասխանեցինք հետևյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց այնուհանդերձ մենք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու։ Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն, և այդ հանդիպումը կարող է կայանալ աշնանը», – նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ–Էվոլյուցիա» ծրագրին տված հարցազրույցի ժամանակ։
Հուլիսի 4-ին ադրբեջանական զինուժը նախորդ տարվա ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ շփման գծի հարավային հատվածում կիրառել է նաև 122 մմ-ոց Դ-30 հաուբից հրանոթներ և ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ՝ հարվածի թիրախ դարձնելով այդ ուղղությամբ տեղակայված հայկական բնագծերը, ինչի հետևանքով շփման գծում բեկորային վնասվածքներ ստացան երեք հայ զինծառայող։ ՄԱԿ–ը, ԵԱՀԿ ՄԽ–ն և ԵԽԽՎ–ն կոչ արեցին կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
Նախորդ տարի մայիսի 16-ին Վիեննայում երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների ներկայությամբ: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Հայաստան, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ բանակցությունները: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հակամարտության գոտում վստահության միջոցների ամրապնդման, միջադեպերիհետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական գրասենյակը ընդլայնելու շուրջ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:53 17.07.2017