Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

ՀՀ նախագահ. հզոր Հայաստանը և ամուր Արցախը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական երաշխիկնը

09.04.2018, 14:44
Նախագահը նշել է, որ այսօր մեր երկրի և ողջ ժողովրդի համար առանցքային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային կարգավորումը:
ՀՀ նախագահ. հզոր Հայաստանը և ամուր Արցախը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական երաշխիկնը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հզոր Հայաստանը և ամուր Արցախը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական երաշխիկնը, հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երդմնակալության արարողությանը:

«Հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Այն բարձրացրեց մեր ոգին: Եվ այսօր, որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին ու պայքարելու է նրա արդար իրավունքների համար. երեկ, այսօր և վաղը: Փա՛ռք ու պատի՛վ մեր ժողովրդին և նրա հերոսներին: Փա՛ռք Հայոց հաղթական բանակին», - ասել է Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ այսօր մեր երկրի և ողջ ժողովրդի համար առանցքային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային կարգավորումը

«Դրա առաջին երաշխիքը, իհարկե, հզոր Հայաստանը և ամուր Արցախն են», - ,նշել է նա:

Ըստ Սարգսյանի, հանուն այդպիսի Հայաստանի՝ պետք է ապահովենք մեր քաղաքացու ինքնադրսևորման համար լավագույն միջավայրը: Միասին պետք է հետևողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական և արատավոր երևույթների դեմ: Կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչև անպատասխանատվություն:

«Այս անզիջում և արդար պայքարում մեզանից յուրաքանչյուրի դերակատարումը անհրաժեշտ է: Մենք կհաջողենք, եթե ոչ միայն քննադատենք, այլ նաև լուծումներ առաջարկենք, եթե, ջրբաժաններ ստեղծելու փոխարեն, համախմբվենք և աշխատենք միասին», - նշել նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-