ՀՀ նախագահը կոչով դիմել է ժողովրդին վարչապետի ընտրությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչով դիմել է ժողովրդին վարչապետի ընտրությունների կապակցությամբ։
«Այսօր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության, ինչպես նաև ողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Երևանի վրա: Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն, ցանկացած քայլի և գործողության դիմելիս մնալ օրենքի և Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր պետության և ժողովրդի», – նշվում է ՀՀ նախագահ ուղերձում։
Մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ում անցկացվում են վարչապետի ընտրությունները։ Կառավարության ղեկավարի պաշտոնում թեկնածուների առաջադրման գործընթացն ավարտվել է ապրիլի 30–ին։ Վարչապետի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու` «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ ՀՅԴ–ն և «Ծառուկյան» դաշինքն ավելի վաղ հայտարարել են միասնական թենածուին աջակցելու մասին։ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների խմբակցությունները, ինչպես նաև ՀՅԴ–ն հայտարարեցին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նախօրեին հայտարարեց, որ խմբակցությունը վարչապետի ընտրությունների շուրջ որոշում կընդունի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո։
Ապրիլի 13–ից հանրապետությունում իրականացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–