ՀՀ նախագահը քննարկումներ է անցկացրել վարչապետի և ԱԺ նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Այդ շրջանակում հանրապետության նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարևորելով երկրում կայունության պահպանումն ու հանդուրժողականության մթնոլորտը:
Նախագահ Սարգսյանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը և շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման և առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է:
Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսևորել եւ առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով:
Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ նախարարներին պաշտոններից ազատելու մասին հրամանների դե–յուրե ուժի մեջ մտնելուց հետո նա հրաժարական կտա։
Նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են հուշագիր դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, որի համաձայն` կուսակցությունը պարտավորվում է չառաջադրել վարչապետի թեկնածու։ ՀՀԿ–ն իր հերթին հայտարարեց, որ վարչապետի թեկնածու չի առաջադրի` միաժամանակ նշելով, որ, չի ընդունում դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմնավորումները։–0–