ՀՀ նախագահը ստորագրել է ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու հրամանագրերը
Մասնավորապես, ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատանքից ազատվել են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը (ԲՀԿ), Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ) և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ):
ՀՀ ԱԺ–ն հոկտեմբերի 2–ին երեկոյան գումարված արտահերթ նիստում երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնք թույլ կտան պատգամավորներին ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից։
Օրինագծին «կողմ» քվեարկեցին ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները, դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը։
Ըստ փոփոխությունների, եթե ԱԺ նիստը չի կարող անցկացվել քվորումի բացակայության պատճառով կամ ստեղծվում են խոչընդոտներ նիստին պատգամավորների մասնակցության համար, ապա առաջարկվում է դադարեցնել նիստն ու շարունակել խոչընդոտող հանգամանքների վերացումից հետո։ Ինչպես կարծում են օրենքի հակառակորդները, այդ կերպ ՀՀԿ–ն և օրինագծին աջակցող քաղաքական ուժերը փորձում են ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից և ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումից։ Խնդիրն այն է, որ ըստ ԱԺ կանոնակարգի, եթե պատգամավորները երկու անգամ չքվեարկեն վարչապետի թեկնածուի օգտին, ապա ԱԺ–ն արձակվում է օրենքի ուժով։
Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աշխատանքից ազատում է ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին ու մարզպետներին։–0–