ՀՀ պաշտպանության նախարարը հոսպիտալում այցելել է Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ զինվորական հոսպիտալի պետի և բժիշկների հետ տեսակցել է վերջին մի քանի օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Օհանյանը հատուկ ուշադրություն է դարձրել ծանր վիրավորների վիճակին, ինչպես նաև բժշկական անձնակազմի հետ քննարկել է նրանց առողջության հարցն ու բուժման ընթացքը:
Նախարարը զրուցել է նաև զինծառայողների հետ, քաջալերել նրանց և մաղթել շուտափույթ ապաքինում:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–