Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակն ու ակնկալիքներն արտահերթ խորհրդարանական ընտրություններից

09.10.2018, 20:31
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը։
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակն ու ակնկալիքներն արտահերթ խորհրդարանական ընտրություններից

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը մեկնաբանել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակն ու ակնկալիքներն արտահերթ խորհրդարանական ընտրություններից։

Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ նախարարներին պաշտոններից ազատելու մասին հրամանների դե–յուրե ուժի մեջ մտնելուց հետո նա հրաժարական կտա։ 

Նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են հուշագիր դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, որի համաձայն` կուսակցությունը պարտավորվում է չառաջադրել վարչապետի թեկնածու։ ՀՀԿ–ն իր հերթին հայտարարեց, որ վարչապետի թեկնածու չի առաջադրի` միաժամանակ նշելով, որ, չի ընդունում դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմնավորումները։

Միլզը նշեց, որ ԱՄՆ դեսպանատունը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին։

«Հոկտեմբերի 2–ին մենք ևս հետևում էինք իրադարձություններին, և մեզ ուրախացնում է, որ իրավիճակը հանգուցալուծվեց խաղաղ և առանց բռնության», – նշեց նա։

Միլզի խոսքով, արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները պետք է որոշի կառավարությունը, կուսակցություններն ու ժողովուրդը։

Դեսպանն ընդգծեց, որ ԱՄՆ–ն և Հայաստանի ընկերները ցանկանում են տեսնել ազատ և արդար ընտրություններ, որոնց արդյունքները կվայելեն ժողովրդի վստահությունը։

«Կարևոր է, որպեսզի բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը կարողանան պատրաստվել և մասնակցել ընտրություններին, որպեսզի առկա լինի ժողովրդի վստահությունն ընտրությունների նկատմամբ, ինչի արդյունքում կձևավորվի խորհրդարանը, որտեղ կլինի ընդդիմություն և կայուն մեծամասնություն։ Տարբեր կողմերի հետ հանդիպումների արդյունքում ինձ համար պարզ դարձավ, որ Հայաստանում կա փոխզիջումների գնալու և այդ նպատակին հասնելու պատրաստակամություն, ինչը կհանգեցնի կայունության», – ասաց Միլզը։–0–