ՀՀ վարչապետը ՖՄԿ–ի գագաթնաժողովին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼԳ կարգավիճակի և անվտանգության հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երկրների ղեկավարների գագաթնաժողովի բացմանը ելույթի ժամանակ ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության հարցում։
ՄՀՀ–ում հոկտեմբերի 11–12–ին անցկացվող գագաթնաժողովին կմասնակցի ՖՄԿ–ում ներառված երկրների 83 ներկայացուցիչ, ինչպես նաև այդ միջազգային կառույցի գործընկերներն ու դիտորդները։ Գագաթնաժողովի մասնակիցների թվում են այնպիսի երկրների առաջնորդներ, ինչպիսիք են Կամերունը, Կամբոջիան, Բուրունդին, Բուրկինա Ֆասոն, Բելգիան, Եգիպտոսը, Հունաստանը, Գվինեան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Սենեգալը, Սեյշելյան կղզիները, Շվեյցարիա, Թունիսը, Վիետնամը, Վանուատուն, Գանան, Արգենտինան, Լիտվան, Կոսովոն, Վրաստանը, ԱՄԷ–ն, Մեքսիկան, Մոնտենեգրոն, Էստոնիան, Ուկրաինան, Սերբիան, Սլովակիան։
Միջոցառումները մեկնարկել են հոկտեմբերի 7–ին։ Այդ օրը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ) անցկացվեց Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105–րդ նստաշրջանը։ Հոկտեմբերի 8–9–ը ՄՀՀ–ում կազմակերպվեց Ֆրանկոֆոնիայի 35–րդ նախարարական երկօրյա համաժողովը, որի շրջանակում նախարարները քննարկեցին համատեղ հայտարարության տեքստը, որը կընդունվի ՖՄԿ–ի գագաթնաժողովի արդյունքում։ Ֆրանկոֆոնիայի օրերի կուլմինացիան կդառնա հոկտեմբերի 11–ին Հանրապետության Հրապարակում նախատեսված գալա–համերգը, որին մասնակցելու են աշխարհահռչակ երգչուհիներ ZAZ–ը, Մելոդի Գարդոն, Անժելիկ Կիջոն, ինչպես նաև DJ Folamour–ը։ Գալա–համերգի եզրափակիչ մասը նվիրված է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին։
«Երևանի գագաթնաժողովն անդրադարձ կկատարի նաև մեզ սպառնացող մի շարք մարտահրավերներին, ինչպիսիք են խաղաղությանը, ժողովրդավարությանն ու կայունությանը վերաբերող հարցերը, ահաբեկչության և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը կամ միգրացիայի հիմնախնդիրը, որոնք այդքան մեծ մարտահրավերներ են մեր մոլորակի համար։ Մենք վստահ ենք, որ համամարդկային նշանակության այս մարտահրավերների դեմ լուծումները պետք է գտնվեն բազմակողմ հարթակում, քանի որ միասնական և համաձայնեցված գործունեությամբ, միջազգային համագործակցության միջոցով կարելի է գրանցել հաջողություններ նշված ոլորտներում։ Կցանկանայի հատկապես ընդգծել ֆրանկոֆոն տարածքի հակամարտությունները և ճգնաժամերը, որոնց հանգուցալուծման համար Ֆրանկոֆոնիան զգալի ջանքեր է գործադրում», – նշեց ՀՀ վարչապետը։
«Դրանք ամենից հաճախ ուղեկցվում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով։ Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները», – նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, աս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է Հայաստանին վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման սեփական հանձնառությունը:
«Դա նաև վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համանախագահության ձևաչափում։ Խոսքը գնում է արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին», – ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև նշեց, որ հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։
«Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը», – ընդգծեց ՀՀ վարչապետը` հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։
«Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության մերժման և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։ Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար, և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար», – ասաց Նիկոլ Փաշինյանը։–0–