ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի «Գորկի» կեցավայրում ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
ՌԴ և ՀՀ վարչապետերի միջև տեղի է ունեցել առանձնազրույց, որին հաջորդել է Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով:
ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր ողջույնի խոսքում նշել է. «Հարգելի Կարեն Վիլհելմի, սրտանց ողջունում եմ Ձեզ: Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է մեր երկիր: Մենք Հայաստանի հետ ունենք առանձնահատուկ, դաշնակցային հարաբերություններ, և մշտապես կան քննարկելու հարցեր: Կարևոր է, որ Ձեր այցի կապակցությամբ պատրաստվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են մեր համագործակցության զարգացմանը: Հույս ունեմ, որ դրանք կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանը և մարդկային շփումների սերտացմանը: Մենք Ձեզ հետ կքննարկենք տնտեսական օրակարգը: Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած միջազգային կոնյուկտուրային, չնայած էներգակիրների գների փոփոխությանը՝ մեր առևտրաշրջանառությունը կայուն է, իսկ եթե խոսենք Հայաստանից մեր երկիր արտահանման և արտադրանքի մատակարարման մասին, ապա նախորդ տարի գրանցեցինք 70 տոկոս աճ: Դա, իմ տեսանկյունից, Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու և մեր տնտեսական կապերի ամրապնդման արդյունք է: Բայց կան նաև մի շարք այլ հարցեր՝ և՛ ներդրումային, և՛ հումանիտար: Եկեք այդ ամենի մասին խոսենք: Սրտանց Ձեզ ողջունում եմ, մաղթում եմ հաջող այց Ռուսաստանի Դաշնություն»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին Մոսկվա այցելելու հրավերի և հայկական պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության համար:
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ լավ կլինի», – նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով, այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է հայ-ռուսական համագործակցության ակտուալ ուղղությունները քննարկելու համար։
«Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ մեր պատվիրակությունը եկել է շատ դրական և գործնական տրամադրվածությամբ», – ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով, ավանդաբար հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը բավական հագեցած է:
«Վերջին տարիներին համաշխարհային բարդ կոնյուկտուրայի պայմաններում մեր կառավարություններին հաջողվել է առաջ շարժվել: Գիտեք, որ ռուսաստանյան կապիտալը լայնորեն ներկայացված է Հայաստանի տնտեսությունում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ հանգստանալ, և այսօր կարող ենք քննարկել ակտիվացնելու և նոր ազդակ հաղորդելու ուղղությունները», – նշել է ՀՀ վարչապետը։
Կարեն Կարապետյանի խոսքով, այսօր Հայաստանում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ներդրողների համար բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով:
«Այս համատեքստում մենք այսօր եկել ենք մի շարք նոր առաջարկություններով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները: Ես նույնպես վստահ եմ, որ կառուցողական զրույց է լինելու: Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար», – նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Աշխատանքային նախաճաշի շրջանակում երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվելու են Հայաստանի և Ռուսաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:10 24.01.2017