ՀՅԴ–ն որոշել է մասնակցել Խորհրդարանական արտահերթ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը, առաջիկա Ընդհանուր Ժողովի օրակարգի քննարկման նպատակով։
Ինչպես հայտնում է քաղաքական ուժի մամուլի ծառայությունը, ի շարս քաղաքական, կազմակերպական և այլ օրակարգերի, Ժողովն անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։
«Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովն որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
«Արժեւորելով նախընթաց (2015-2018) ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, քննելով ներքաղաքական վիճակը, առկա մարտահավերներն ու հնարավոր զարգացումները, կարևորելով քաղաքական ուժերի միջև գաղափարական, ծրագրային հենքի վրա փոխադարձ հարգանքի հանդուրժողականության մթնոլոտում քաղաքական պայքարը, իբրև ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական կուսակցություն, նպատակ ունենալով կյանքի կոչել ՀՅԴ արժեհամարկարգից բխող գաղափարական, ծրագրային առաջադրանքները, արձանագրելով իր հավատարմությունը ազգային ուղեգծին, Արցախի հանրապետության և արցախահայության իրավունքների ամբողջական պաշտպանության, երկրում սոցիալական ու տնտեսական արդարության հաստատման համար պայքարին, ՀՅԴ Գերագույն Ժողովը որոշում է մասնակցել Խորհրդարանական արտահերթ ընտրություններին», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
Միաժամանակ, Ժողովը արձանագրում է, որ անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
ՀՅԴ Գերագույն Ժողովը նաև իր մտահոգությունն է հայտնում կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ։
«ՀՅԴ Գերագույն Ժողովը փաստում է, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների և երևույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա: Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետևողական և վճռական քայլերով», – նշվում է հայտարարությունում։–0–