Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

ՀՔԾ ղեկավարը նշել է Քոչարյանին մեղադրանք առաջադրելու հիմքերը

02.08.2018, 12:33
ՀՔԾ ղեկավարը նշել է Քոչարյանին մեղադրանք առաջադրելու հիմքերը։
ՀՔԾ ղեկավարը նշել է Քոչարյանին մեղադրանք առաջադրելու հիմքերը

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ հայտարարեց, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը 2008 թ.–ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ։ 

«Բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում արգելված է ինչպես նախկին, այնպես էլ Սահմանադրության ներկայիս խմբագրությամբ: Բանակի ներգրավում կարող է լինել միայն այն դեպքում, եթե հայտարարված լիներ ռազմական դրություն, ինչպես գիտեք` ռազմական դրություն հայտարարված չի եղել», – ասաց Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ իր համար տեղ–տեղ ծիծաղելի է Քոչարյանի փաստաբանների հայտարարություններն այն մասին, որ գործը քաղաքական հետապնդում է, իսկ քննիչները դրսևորում են իրավաբանական անգրագիտություն։ 

«Մեր մեղադրանքի որոշումն այնքան պարզ է, այնքան հստակ և այնքան հիմնավորված, որ ինձ համար նույնիսկ անհասկանալի է ու տեղ-տեղ նաև ծիծաղելի մանիպուլյացիաները, որոնց փորձում են դիմել Քոչարյան պաշտպանները», – նշեց Խաչատրյանը։

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։–0–