ՀՔԾ-ն թույլատրեց Սամվել Մայրապետյանին մեկնել արտասահման` բուժվելու

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին մեկնել արտասահման` բուժվելու: Այդ մասին «Նովոստի-Արմեիա» գործակալությանը հայտնեց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։
«ՀՔԾ-ն տվել է իր թույլատրությունը նախօրեին», - հայտնեց Բատիկյանը:
Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է ՀՔԾ–ի կողմից հոկտեմբերի 7–ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38–311–րդ հոդվածի հատկանիշներով (կաշառակերությանն օժանդակելը)։ Դեկտեմբերի 27–ին Մայրապետյանն ազատ է արձակվել 30 մլն դրամ գրավի դիմաց (60 հազար դոլար)։ Դեկտեմբերի 29–ին Մայրապետյանի փաստաբանները շտապ կարգով հայտարարություն են ներկայացրել ՀՔԾ, որպեսզի հնարավորություն ընձեռվի նրա բուժումը կազմակերպել Գերմանիայում, քանի որ գործարարի անձնագիրը գտնվում է ՀՔԾ–ում և նա չի կարող դուրս գալ երկրից։ Հունվարի 8–ին Մայրապետյանի անձնագիրը վերադարձվեց, սակայն, ըստ փաստաբանների, նրան արգելել են դուրս գալ Հայաստանից։
Հունվարի 9–ին ՀՔԾ–ն հանդես էր եկել պարզաբանմամբ, որի մեջ, մասնավորապես, անհիմն էին որակվում Մայրապետյանի փաստաբանների հայտարարությունները, ինչպես նաև արտահայտվում էր մտավախություն այն հարցի շուրջ, որ Մայրապետյանը, բուժման նպատակով մեկնելով արտերկիր, կարող է թաքնվել քննությունից։ Կասկածի տակ էր դրվում նաև ՀՀ–ում նրա բուժման անհնարինության փաստը։Հունվարի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հօգուտ Սամվել Մայրապետյանի որոշում է կայացրել:-0-