Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

ԱՄՆ–ն մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ գործընկերային հարաբերություններին

18.02.2015, 20:55
Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները, Երևանում կայացած ճեպազրույցում հայտնեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները, Երևանում կայացած ճեպազրույցում հայտնեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը։

«ԱՄՆ–ն մեծ նշանակություն է տալիս Հայաստանին որպես գործընկերոջ, ում հետ մենք համագործակցում ենք 25 տարի շարունակ` տնտեսության, ժողովրդավարության, խաղաղության հարցերում, և ցանկանում ենք շարունակել ու խորացնել այդ համագործակցությունը»,– ասաց Նուլանդը։

Ըստ նրա, Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ձևավորվել է ամուր պետություն, սակայն կողմերը դեռ բազմաթիվ համատեղ քայլեր ունեն կատարելու։

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի` ավելի ուժեղ, բարեկեցիկ, անկախ, ամուր ժողովրդավարական պետություն դառնալու հնարավորությունն այս աշխարհամասում, որն ընդունակ է պաշտպանելու բոլոր հայերի` ազատ ապրելու իրավունքը»,– ասաց Նուլանդը։

Նա ընդգծեց, որ ԱՄՆ–ն հպարտանում է, որ Նահանգներում ապրում է մոտ 2.5 մլն հայ, ովքեր էլ ավելի են ամրապնդում երկրների միջև կապը տարբեր մակարդակներով։

Նուլանդի խոսքով, դեպի Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկվել են անվտանգության հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև տնտեսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության, պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցեր։     

Անդրադառնալով անվտանգության թեմային` պետքարտուղարի օգնականը շնորհակալություն  հայտնեց հայ «քաջ զինվորներին, ովքեր ամերիկացի խաղաղապահների հետ խաղաղապահ ծառայություն են տանում Աֆղանստանում և Կոսովոյում», ինչպես նաև կարևորեց  Լիբիայում հայ խաղաղապահների ներկայությունը։

Նուլանդը շնորհակալություն  հայտնեց Հայաստանի կառավարությանը Սիրիայի փախստականների նկատմամբ ցուցաբերած օժանդակության և աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման գործում հանրապետության ունեցած ընդհանուր ավանդի համար։

Ըստ նրա, Հայաստան կատարած իր այցի ընթացքում նա հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Հանդիպումների ընթացքում մենք խոսել ենք Հայաստանի ուժեղ կողմերից մեկի մասին` դա կենսունակ քաղաքացիական հասարակությունն է երկրում և կենսունակ երկխոսությունը, որը գոյություն ունի կառավարության և հասարակական հատվածի միջև։ Այն ձևավորվել է Հայաստանի անկախացման պահից, և մենք հպարտ ենք, որ օժանդակել ենք այդ հարցում»,– ասաց Նուլանդը։

Նուլանդը Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակում, որի ընթացքում փետրվարի 16–ին այցելել է Ադրբեջան, իսկ 17–ին` Վրաստան։ -0-