Հայաստանի պետական սահմանը պահպանվել է. Գեղարքունիքի մարզպետը` սահմանում տիրող իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ/. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է սահմանագոտում տիրող իրավիճակը։Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանի ԶՈւ–ն առաջ է շարժվել Գեղարքունիքի Շորժա և Վարդենիս բնակավայրերում։ Նախօրեին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը»
խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը հերքել է այդ տվյալները, ինչպես նաև Տավուշում առկա լարվածության մասին խոսակցությունները։
«Սահմանագծի փոփոխությունից հետո կան տեղեր, որտեղ շատ բարդ բնակլիմայական պայմաններ են ու ռելիեֆ, և որոշ հատվածներում հակառակորդը չի իրականացրել տեղակայման գործընթաց։ Հիմա եղանակային պայմանները փոխվել են, նրանք իրականացնում են այդ պրոցեսը։ Մեր ԶՈւ–ն հետևում է, որպեսզի (ադրբեջանցիները) առաջ չգան իրենց տեղակայման վայրից», – պարզաբանեց Սանոսյանը։
Նա հայտարարեց, որ Հայաստանի պետական սահմանը պահպանվել է։ Նրա խոսքով, 1–2 տեղում սահմանն անցնում է լանջով, հայկական կողմը պնդում էր, որ հակառակորդը պետք է տեղակայվի ոչ թե այդ հատվածում, այլ ավելի հեռու, բայց հիմա այդ հարցն արդեն կարգավորվել է։
«Սահմանի երկայնքով «նստել ենք» և մենք, և նրանք», – ասաց նա` պատասխանեով այն հարցին, թե ում վերահսկողության տակ են հիմա այդ 1–2 վիճահարույց հատվածները։
Մարզպետը հայտարարեց, որ լարվածություն չկա, իսկ բնակիչները մեծամասամբ մտահոգություն են հայտնում «տարածվող կեղծ լուրերի հետևանքով»։
«Երեկ ես մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում, այն հատվածում որտեղ այդ աշխատանքներն են։ Մեր ԶՈւ–ն այնտեղ է, աշխատում են, կան քարտեզներ։ Դա նույն գործընթացն է, ինչ եղել է նոյեմբեր–դեկտեմբերին», – վստահեցրեց Սանոսյանը։
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում չորեքշաբթի հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է շարժվել Վերիշեն բնակավայրի ուղղությամբ։ Հաղորդվում էր նաև վիրավորների մասին։ ՊՆ–ն իր հերթին հայտնեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
2020թ.–ի նոյեմբերի 9–ին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի շփման գիծը Սյունիքում և Գեղարքունիքում երկարացել է մոտ 500կմ–ով։–0–