Հայաստան-ԵՄ համաձայնագիրը պետք է վավերացնել հնարավորինս սեղմ ժամկետներում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
«Վարչապետը կարևորել է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը բոլոր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ԵՄ անդամ երկրների կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս սեղմ ժամկետներում և համոզմունք հայտնել, որ այն հնարավորություն կտա նոր թափ հաղորդել փոխգործակցությանն ու կնպաստի մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Տոյվո Կլաարն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ մինչ համաձայնագրի վերջնական վավերացման գործընթացի ավարտը երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել նաև համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և կարևորել է Արցախի քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում, ինչը կնպաստի կառուցողական մթնոլորտի ձևավորմանն ու բանակցային գործընթացին:
«Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ», - նշվում է հաղորդագրությունում: -0-