Սարգսյան. Հայաստանում «ուժեղ ձեռքի» տարբերակը չի գործի, մեզ ժողովրդավարություն է անհրաժեշտ

Սարգսյան. Հայաստանում «ուժեղ ձեռքի» տարբերակը չի գործի, մեզ ժողովրդավարություն է անհրաժեշտ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ երկրին անհրաժեշտ է ժողովրդավարություն, այլ ոչ թե «ուժեղ ձեռք»։

Նրա խոսքով` Հայաստանում ժողովրդավարության մակարդակի նվազումն անընդունելի է, «որովհետև մենք դրա ռեսուրսը չունենք»։

«Բռունցքի ուժի առասպելներն ինձ համար ընդունելի չեն: Չկա այդպիսի բան: Հայաստանում այդ ուժեղ ձեռքը չի գործել, չի գործում և չի էլ գործելու: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդավարություն», – ասել է Սարգսյանը մի շարք հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` այդ ռեսուրսը կարող են օգտագործել Հայաստանի  այն հարևանները, ովքեր հավելյալ փող ունեն և «չգիտեն այն ու՞ր դնեն՝ ճանապարհներ կկառուցեն, հիվանդանոցներ կկառուցեն ու հետո ընդդիմադիրներին կձերբակալեն, չգիտեմ՝ էլ ինչ: Աշխարհը մի երկու բան կասի, բայց կյանքը կշարունակվի, իրենց իշխանությունն էլ ամուր կլինի և իրենք 90 տոկոս ձայն կստանան: Մենք չունենք այդ հնարավորությունը», – ասել է Սարգսյանը։

Խոսելով սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին` նախագահը նշել է, որ այսօր աշխարհաքաղաքական վիճակն է այլ, գործընթացները դարձել են դինամիկ և որոշ պարագաներում նաև՝ դրամատիկ, իսկ հայկական հասարակությունը դարձել է բավականաչափ հասուն։

«10 կամ 20 տարի առաջ անհնար էր, որ 2 առաջնային մանդատները, այսինքն` նախագահ և խորհրդարան, բաժանվեին տարբեր քաղաքական ուժերի միջև: Իսկ հիմա շատ իրական է դա, և տեսնելով ճգնաժամի հնարավորությունը՝ այդ մասին չխոսել ես չեմ կարող», – ասել է նախագահը։

Նրա կարծիքով` այդ երկու մանդատների կոնֆլիկտը սպառնալիք է երկրի անվտանգությանը, և խնդիրը կարելի է լուծել մեկ աստիճանով ժողովրդավարությունը բարձրացնելու միջոցով։

«Մեր խնդիրն այն չէ, որ ժողովրդավարությունը սահմանափակենք, միտինգները սահմանափակենք, այս ու այն սահմանափակենք: Մեր խնդիրը՝ մեկ աստիճան բարձրացնելն է, իհարկե, այդ ընթացքում նաև կանոնակարգելով պետական ինստիտուտների գործառույթները։ Երբ պետական ինստիտուտների գործառույթները խառնված են, չի կարող դրանից լավ բան լինել», – նշել է ՀՀ նախագահը։

Խոսելով նախկին նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական բարեփոխումների նախագծի քննադատության մասին` ՀՀ նախագահը նշել է, որ չի ցանկանում դա մեկնաբանել և ավելացրել է, որ նա ունի իր սեփական փաստարկները։

«Ես նախկին նախագահների տեսակետի մեկնաբանը չեմ և ինձ այդպիսի իրավունք չեմ վերապահում, բայց շատ բնական է, որ ես ծանոթ եմ նրանց դիրքորոշմանը և դրդապատճառներին: Հասկանում եմ, բայց չեմ ընդունում: Ինձ համար ընդունելի չեն մերկապարանոց մեղադրանքները: Ամբողջ հարգանքով հանդերձ հակառակ տեսակետներին, ես չեմ կարող ուղղակի զուտ մեղադրանք ընդունել: Երբ փաստարկներ կլինեն, փաստարկը կարող են հերքել: Կամ ես բերում եմ իմ սեփական փաստարկները, և թող հերքեն», – նշել է ՀՀ նախագահը։

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:49 03.12.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×