Հայկական երկու քաղաքական ուժեր կոալիցիոն համաձայնագիր են պատրաստում
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական երկու քաղաքական ուժերը` իշխող ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն, կոալիցիոն համաձայնագիր են պատրաստում, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելությունից հետո:
Նրա խոսքով, բանակցությունները գտնվում են ավարտական փուլում և ամենայն հավանականությամբ առաջիկայում երկու քաղաքական ուժերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ և կներկայացնեն մանրամասները:
«Կարծում եմ, որ մինչև խորհրդարանի առաջին նիստն ամեն ինչ որոշված կլինի», - ասաց նա:
Մինասյանը նշեց, որ երկու քաղաքական ուժերի միջև 2016 թ.-ի փետրվարին ստորագրված համաձայնագիրն անժամկետ էր, իսկ դրանով նախատեսված բարեփոխումներըայսօր միայն փոքր-ինչ շտկման կարիք ունեն` հաշվի առնելով անցած ընտրությունները և արդեն կատարված աշխատանքները:
Ինչ վերաբերում է նոր կառավարությունում պորտֆելների բաշխմանը, ապա, ինչպես նշեց նախարարը, ինչպես և նախորդ համաձայնագրում, ամենայն հավանականությամբ նորում ևս ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն ունենա ամրագրված նախարարական պորտֆելներ կամ մարզպետական պաշտոններ, կամ քվոտաներ:
«Երկու քաղաքական ուժերի ներուժի միավորմամբ մենք պետք է ավելի հզոր միավոր ստեղծենք, որը կկարողանա առաջ տանել բարեփոխումները, այլ ոչ թե դնի առանձին ներքին բաժանումներ, քանի որ անկախ պորտֆելների քանակից մենք պատասխանատվություն ենք կրում իրականացվող քաղաքականության համար», - ասաց Միանսայանը: -0-