Հովիկ Աբրահամյանը խորապես ցնցված է Նիսում կատարված ահաբեկչության կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Նիսում կատարված ահաբեկչության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Մանուել Վալսին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Խորապես ցնցված եմ՝ ստանալով երեկ երեկոյան Նիսում կատարված զարհուրելի հարձակման մասին գույժը: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի կառավարության անդամներին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` տասնյակ մարդկային կյանքեր խլած այս բարբարոսական գործողության կապակցությամբ», - նշվում է ցավակցական հեռագրի մեջ:
«Ֆրանսիայի համար այս ծանր պահին կիսում ենք Ձեր վիշտը և մեր զորակցությունն ու կարեկցանքը հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և հատկապես` զոհվածների ու վիրավորների հարազատներին: Խստագույնս դատապարտում ենք ազգություն և սահմաններ չճանաչող ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով` մաղթելով բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին ուժ, համբերություն և կամք՝ հաղթահարելու այս ողբերգության հետևանքները», - նշվում է վարչապետի հեռագրում:
ՀՐԱՏԱՊ. ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին>>
Նիսում հուլիսի 14-ի գիշերը Ֆրանսիայի Ազգային տոնի հրավառության ժամանակ բեռնատարը Նիսի ափամերձ տարածքում մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։ Վերջին տվյալների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է 84 մարդ, 18 մարդ ծանր վիճակում է, տասնյակ մարդ վիրավորվել է: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարձակումն անվանել է ահաբեկչություն: ՀՀ ԱԳՆ տվյալներով, ահաբեկչության հետևանքով զոհվել է երկու ՀՀ քաղաքացի: -0-