Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

«Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար». Արմեն Սարգսյանն` ի պատասխան Սերժ Սարգսյանի առաջարկին

19.01.2018, 17:33
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից որոշ ժամանակ է խնդրել ՀՀ նախագահի ընտրություններում մասնակցելու մասին որոշում ընդունելու համար:
«Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար». Արմեն Սարգսյանն` ի պատասխան Սերժ Սարգսյանի առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից որոշ ժամանակ է խնդրել ՀՀ նախագահի ընտրություններում մասնակցելու մասին որոշում ընդունելու համար, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու:

Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ երկիրը մտել է քաղաքական նոր շրջափուլ: Ավարտին է մոտենում սահմանադրական փոփոխությունների ընթացքը՝ Հայաստանը արդեն եզրափակիչ փուլում է, և, իհարկե, ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում լիազորությունների ժամկետը: 

Նա նշել է, որ այս պայմաններում երկիրը պետք է ընտրի նոր նախագահ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին, և այդ ընտրությունները պետք է տեղի ունենան Ազգային ժողովում: Խոսքը պետության գլուխ ընտրելու մասին է, ով պետք է հետևի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանմանը: 

«Իհարկե, Սահմանադրությունը չափանիշներ, պահանջներ է առաջադրում Հանրապետության նախագահին, և այդ պահանջներից ես կառանձնացնեի անաչառ լինելու պահանջը: Անշուշտ, ես ունեմ իմ պատկերացումները Հայաստանի Հանրապետության նոր նախագահի որակների մասին և այդ մասին վերջերս մի քանի անգամ արտահայտվել եմ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը պետք է լինի կայացած և վառ անձնավորություն, քաղաքականապես պատրաստված և կոփված պետք է լինի, բայց ոչ քաղաքականացված: Նա պետք է կարողանա կազմակերպել երկխոսություն քաղաքական տարբեր ուժերի միջև, ինչպես նաև հասարակության տարբեր խավերի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի: Պետք է կարողանա պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն արտերկրում, ճանաչի սփյուռքը և ունակություն ունենա համախմբելու աշխարհասփյուռ հայությանը:

«Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում մենք անդրադարձել ենք այս հարցին, և ես, հաշվի առնելով Ձեր ունակությունները, Ձեր որակական հատկանիշները, առաջարկել եմ իմ գործընկերներին՝ առաջարկել Ձեզ համաձայնություն տալ մեր քաղաքական ուժի անունից առաջադրվել որպես Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի թեկնածու: Դուք կայացած գիտնական եք, վարել եք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, ունեք դիվանագիտական մեծ փորձ, և սա է պատճառը, որ մենք լրջորեն քննարկել ենք Ձեր թեկնածությունը: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, ովքեր միաձայն պաշտպանեցին իմ առաջարկությունը», - ասել է նախագահը:

Երկրի նախագահը ցանկալի է համարել, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում: «Եվ հաշվի առնելով մեր այս ցանկությունը՝ կարծում եմ, որ Ձեր մտորումների ժամանակ ճիշտ կլինի, որպեսզի հանդիպեք մեր կոալիցիոն գործընկերոջը՝ Դաշնակցությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններին և տեսանելի ապագայում որոշում կայացնեք, որովհետև այդ ընտրությունները պետք է տեղի ունենան մարտի սկզբին: Եվ մեր ցանկությունն է, որ այդ ընտրությունները տեղի ունենան մեկ փուլով, և մարտի սկզբին մենք արդեն ունենանք Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ: Ի՞նչ եք կարծում այս առումով»,- ասել է ՀանՍերժ Սարգսյանը:

Դրան ի պատասխան Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը իր նկատմամբ ցուցաբերված բարձր վստահության համար՝ մեծ պատիվ համարելով նման առաջարկությունը:

«Կարծում եմ, իրոք, Հայաստանը թևակոխում է մի նոր շրջան, կարծում եմ՝ շատերի կողմից գիտակցված մեծ փոփոխությունների շրջան, դեպի ավելի ժողովրդավար երկիր՝ պառլամենտական հանրապետություն: Այդ իմաստով, իհարկե, կրկնակի մեծ պատասխանատվություն է և մեծ պատիվ ինձ համար Ձեր առաջարկությունը», - ասել է Արմեն Սարգսյանը:

Նա կարևորել է այն, որ որոշում ընդունելուց առաջ առիթ ունենա հանդիպել քաղաքական տարբեր ուժերին և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: «Շատ կուզենայի հանդիպել նաև հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին», - նշել է նա: 

Դիվանագետը նշել է, որ անպայման կուզենար հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը և իհարկե, հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո նոր կայացներ որոշում:

«Բոլոր դեպքերում, ինձ համար մեծ պատիվ է Ձեր առաջարկությունը, պարո՛ն Նախագահ: Կրկին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Եվ եթե այս բոլոր հանդիպումներից հետո որոշումս կայացնեմ, կփորձեմ պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները և արդարացնել այն վստահությունը, որ լսեցի Ձեզնից, Ձեր կուսակից ընկերների կողմից և հուսամ նաև կլսեմ մեր մյուս քաղաքացիներից և մեր հայազգի որդիներից: Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:

2015 թ.–ին սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Հայաստանն անցնում է խորհրդարանական իշխանավարման, սակայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը պահպանում է իր լիազորությունները մինչև ժամկետի ավարտը` 2018 թ.–ը։ Նոր նախագահին ընտրեկու է Ազգային ժողովը։ Նա կստանձնի լիազորությունները 2018 թ.–ի ապրիլի 9–ին։ Նույն օրը կդադարեցվեն գործող նախագահի լիազորությունները, իսկ կառավարությունը հրաժարական կտա։ Վարչապետը կընտրվի իշխող կուսակցության կամ իշխող կոալիցիայի կողմից։–0–