ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանը ձգտում է իրեն ներկայացնել որպես զոհ և խուսափել պատասխանատվությունից՝ ռազմական ագրեսիայի սանձազերծման համար

ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանը ձգտում է իրեն ներկայացնել որպես զոհ և խուսափել պատասխանատվությունից՝ ռազմական ագրեսիայի սանձազերծման համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ , 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը ձգտում է իրեն ներկայացնել որպես զոհ և խուսափել պատասխանատվությունից՝ ռազմական ագրեսիայի սանձազերծման համար, հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ–ի կողմից Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցի կազմակերպումը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծ։

«Ապրիլի սկզբին ղարաբաղա–ադրբեջանական հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու փորձի ձախողումից հետո Ադրբեջանը ձգտում է կեղծիքի և մեքենայությունների միջոցով իրեն ներկայացնել որպես զոհ և խուսափել պատասխանատվությունից՝ ռազմական ագրեսիայի սանձազերծման ու դրան ուղեկցող բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար», – նշել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ մասնակցելով ադրբեջանական կողմի վատ բեմադրված ակցիաներին՝ միջազգային հանրության ներկայացուցիչներն ակամայից թույլ են տալիս իրենց ներքաշել պաշտոնական Բաքվի քարոզչական արշավին՝ ուղղված Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեության արդարացմանը։

«Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իսկապես օբյեկտիվ պատկերացում կազմելու և ադրբեջանական ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար դիվանագետները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է, առաջին հերթին, այցելեն հենց ԼՂՀ», – ասել է Սարգսյանն ու ավելացրել, որ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են բազմակողմանի աջակցություն ցուցաբերել նման այցելության կազմակերպման հարցում։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:49 06.05.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×