Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ԼՂ իշխանություներն անհեթեթ են համարում քիմիական զենքի օգտագործման մասին Բաքվի մեղադրանքները

20.05.2016, 21:08
Լեռնային Ղարաբաղի իշխանություններն անհեթեթ են համարում քիմիական զենքի օգտագործման մասին Բաքվի մեղադրանքներ։
ԼՂ իշխանություներն անհեթեթ են համարում քիմիական զենքի օգտագործման մասին Բաքվի մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի իշխանություններն անհեթեթ են համարում քիմիական զենքի օգտագործման մասին Բաքվի մեղադրանքներ։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ մայիսի 17-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հերթական մտացածին հայտարարություններով` ս. թ. ապրիլի 2-5 մարտական գործողությունների ընթացքում արգելված ռազմամթերքի, մասնավորապես, սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերի ենթադրյալ կիրառման վերաբերյալ։

«Շարունակելով միջազգային հանրությանն ապատեղեկացնելու ավանդական արշավը՝ Ադրբեջանը չի խորշում դիմել կեղծիքների և բացահայտ մեքենայությունների», – նշվում է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, իր քարոզչական գործողություններին կշիռ հաղորդելու նպատակով ադրբեջանական կողմը փորձում է դրանց մեջ ներքաշել նաև Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին ու ռազմական կցորդներին։ Կեղծարարությունն ու իրականության խեղաթյուրումը վաղուց արդեն կանոնավոր բնույթ են ձեռք բերել և դարձել Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժան մասը։

Դեռևս 1992 թ. ադրբեջանական կողմը հանդես էր գալիս քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին համանման մեղադրանքներով, որոնք այն ժամանակ հերքվեցին ՄԱԿ-ի հատուկ փաստահավաք առաքելության կողմից։ ՄԱԿ-ի փորձագետների հետևությունների ու եզրակացությունների հիման վրա, որոնք ներկայացված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1992 թ. հուլիսի 24-ի S/24344 թվակիր փաստաթղթում, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հաստատեց, որ «խմբին չի ներկայացվել քիմիական զենքի կիրառման փաստը հաստատող որևէ ապացույց» ։

Հաջորդած տարիներին ադրբեջանական կողմը հանդես է եկել նույնքան անհեթեթ և չհաստատված մեղադրանքներով՝ 1993 թվականին Ադրբեջանի դեմ միջուկային զենքի կիրառման և ԼՂՀ-ում միջուկային թափոնների թաղման (ԵԽԽՎ 2002 թ. մայիսի 7-ի N 9444 փաստաթուղթ), Հայաստանն ու ԼՂՀ-ն բակտերիոլոգիական զենքի բազայի վերածման (ԵԽԽՎ 2002 թ. հունվարի 31-ի N 9336 փաստաթուղթ), թմրամիջոցների աճեցման ու արտադրության և այլնի վերաբերյալ։ Ընդ որում, ադրբեջանական կողմը վկայակոչում էր գոյություն չունեցող գիտական հանդեսներ, զեկույցներ, կազմակերպություններ և լաբորատորիաներ։

«Վերակենդանացնելով հին հերյուրանքները՝ Ադրբեջանը ոչ միայն փորձում է արդարացնել ուժի կիրառման և 1994-1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերի լիակատար ու անշեղ պահպանումից (ինչը պնդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները) հրաժարվելու իր քաղաքականությունը, այլև նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը ԼՂՀ զինծառայողների ու խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բանակի իրագործած իրական ռազմական հանցագործություններից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այս կապակցությամբ Ղարաբաղի իշխանությունները կոչ են անում միջազգային հանրությանը՝ առավելագույնս քննադատաբար մոտենալ ադրբեջանական կողմի այդօրինակ մերկապարանոց պնդումներին։

«ԼՂՀ-ն իր հերթին պատրաստ է ընդունել հատուկ դիտորդական առաքելություն՝ տեղում բոլոր փաստերն ուսումնասիրելու և. ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հանգամանքներն ու դրա ընթացքում իրագործված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները հետաքննելու համար», –նշվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-