Մեդվեդևը հաջողություն է մաղթել Տիգրան Սարգսյանին ԵՏՀ կոլեգիայի նոր ղեկավարի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կարևոր հարցեր է քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, գրում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՏԱՍՍ–ին։
ՌԴ վարչապետը Սարգսյանին հաջողություն է մաղթել ԵՏՀ կոլեգիայի նոր ղեկավարի պաշտոնում։
«Ես վերջերս գործընկերներիս հետ խորհրդակցություններ էի անցկացնում ԵՏՄ–ի հարցերի շուրջ։ Դուք գիտեք, որ մեզ մոտ խնդիր է առաջացել, որը կապված է Ուկրաինայի, այդ երկրի տարածքով, տարանցիկ ճանապարհով, մեր բեռների մատակարարման, տեղափոխման հետ։ Ստիպված ենք նաև պատասխան քայլերի գնալ», – ասել է Մեդվեդևը Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։
ՌԴ վարչապետն ավելացրել է, որ այս ամենը ևս վերաբերում է այն հարցերին, որոնք հարկավոր է համաձայնեցնել նաև ԵՏՄ–ի ձևաչափում։
«Մենք վերջին անգամ հանդիպել ենք, երբ Դուք դեռ գլխավորում էիք Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ այժմ Դուք ընդհանրապես մեծ ղեկավար եք՝ ղեկավարում եք վերազգային մարմին, որը ղեկավարում է այլ կառավարությունների գործունեությունը, մասնավորապես՝ մեր եվրասիական խորհուրդը», – նշել է ՌԴ վարչապետը։
Նա նշել է, որ դա թեկուզ բարդ, բայց, իր կարծիքով, հետաքրքիր աշխատանք է, քանի որ ուղղված է ինտեգրմանը, մեծ արդյունքների ձեռքբերմանը, որոնք շահավետ են Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրներին։
Դմիտրի Մեդվեդևը հավելել է, որ նախատեսվում են բավական շատ հանդիպումներ՝ հաշվի առնելով կառավարությունների ղեկավարների մակարդակով տարբեր միջոցառումները։
Նրա խոսքով` շատ կարևոր է լիարժեք աշխատանք հաստատել խորհրդի նոր կազմի հետ՝ արդի խնդիրները լուծելու համար։ Իսկ դա նաև նորմատիվային հիմքի կատարելագործումն է, այնտեղ շատ փաստաթղթեր են կուտակվել, որոնք հարկավոր է ընդունել, դրանք բոլորը ենթակա են համաձայնության։ «Դա հեշտ գործ չէ, ինչպես նաև ամենատարբեր, երբեմն շատ դժվար իրավիճակներում հանգուցալուծումներ գտնելն է, որոնք առաջանում են Եվրասիական միության տնտեսական կյանքում և այլ խնդիրների պատճառով»,- ասել է ՌԴ վարչապետը:
Տիգրան Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին նրան ցուցաբերած վստահության համար և նշել է, որ լուրջ ակնկալիքներ կան ԵՏՄ երկրների կողմից, քանի որ և՛ քաղաքիցները, և՛ բիզնեսն ինտեգրումից իրական արդյունքներ են ակնկալում։
«Մենք պետք է ցույց տանք, որ ինտեգրումն աշխատում է, և դա լրացուցիչ խթան կդառնա ինտեգրացիոն գործընթացների համար։ Եվ, իհարկե, Ձեր աջակցությունն, անխոս, կօգնի մեզ ավելի արդյունավետ առաջ շարժվելու համար։ Շնորհակալ եմ, որ Դուք նշեցինք, որ մենք շատ հանդիպումներ կունենանք, դա, իհարկե, կօգնի շատ հարցեր հնարավորինս արագ լուծելու գործում», – նշել է ԵՏՀ կոլեգիայի նոր ղեկավարը։
Բեռներների ավտոմոբիլային փոխադրումների խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ փետրվարի 11–ին ուկրաինացի արմատականներն արգելափակեցին ռուսական բեռնատարների տարանցիկ ճանապարհը Ուկրաինայի տարածքում։ Դրան ի պատասխան` Ռուսաստանը փետրվարի 14–ին դադարեցրեց ուկրաինական բեռների տեղափոխումը ՌԴ–ի տարածքում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:58 16.02.2016