Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

Պան Գի Մունը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին ձեռնպահ մնալ բռնության հանգեցնող գործողություններից

23.12.2015, 18:59
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավորություն ընձեռեց նրանց պայմանավորվել հետագա քայլերի մասին խաղաղ գործընթացի շուրջ։
Պան Գի Մունը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին ձեռնպահ մնալ բռնության հանգեցնող գործողություններից

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` օրեր առաջ կայացած հանդիպումը հնարավորություն ընձեռեց նրանց պայմանավորվել հետագա քայլերի մասին խաղաղ գործընթացի շուրջ, հաղորդում է ՄԱԿ–ի մամուլի կենտրոնը։

Բեռնում դեկտեմբերի 19–ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեր Անդրիոյի (Ֆրանսիայի) միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազմանն ուղղված քայլերը։ 

Պան Գի Մունի խոսքով` նախագահները կարող էին քննարկել գործնական քայլեր, որոնք թույլ կտան նվազեցնել հրադադարի ռեժիմի խախտման մաստշաբն ու զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում։

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը, որոնք դեկտեմբերի 19–ին Շվեյցարիայում կազմակերպել են գագաթնաժողովը։ 

Պան Գի Մունը նշել է, որ երկու նախագահներն էլ աջակցել են համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են բռնության սպառնալիքի նվազման միջոցներին։ 

Նա կոչ է արել կողմերին սերտորեն համագործակցել ՄԽ–ի հետ` գոյություն ունեցող լարվածությունը թուլացնելու համար, և ձեռնպահ մնալ նոր բռնությանը հանգեցնող ցանկացած գործողությունից։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-