Փաշինյան. ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ ակցիա իրականացնելը նշանակում է ակցիա իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժ

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ, գրել է վարչապետը Facebook–յան իր էջում։
«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձեւով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու եւ առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին», – նշել է Փաշինյանը` կրկին անգամ խնդրելով, հորդորելով և պահանջելով դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները և աշխատել կառավարության հետ՝ հուզող հարցերը քննարկելու և լուծելու համար:
«Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ: Կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետևաբար՝ ընդդեմ ժողովրդի», – հայտարարել է Փաշինյանը։
«Կոչ եմ անում մեր աջակիցներին այս ուղերձը տարածել: Նաև համանման գործողություններ իրականացնող քաղաքացիներին ներկայացնել նրա բովանդակությունը, պարզաբանել, որ գործողությունների շարունակությունը կարող է մեկնաբանվել որպես սաբոտաժ ևկարժանանա ժողովրդի գնահատականին: Իհարկե այս խոսակցությունը պետք է ունենալ սիրո և համերաշխության մթնոլորտում», – նշել է ՀՀ վարչապետը։
Այս օրերին Երևանում և մարզերում անցկացվում են բողոքի տարբեր ակցիաներ, որոնց մասնակիցները ներկայացնում են ինչպես քաղաքական, սոցիալական, այնպես էլ բնապահպանական պահանջներ։–0–