Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Փաշինյանը հեղափոխական կոմիտեի ստեղծում է նախաձեռնել

18.04.2018, 15:23
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին տեղեկատվություն է ներկայացրել Հեղափոխական կոմիտեի մասին, որն առաջիկայում կստեղծվի ցուցարարների կողմից։
Փաշինյանը հեղափոխական կոմիտեի ստեղծում է նախաձեռնել

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին տեղեկատվություն է ներկայացրել Հեղափոխական կոմիտեի մասին, որն առաջիկայում կստեղծվի ցուցարարների կողմից։

«Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Փաշինյանն ապրիլի 13–ից Ֆրանսիայի հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Հանրահավաքներն ապրիլի 16–ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով վնասվածք է ստացել 46 մարդ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն ու 6 ոստիկան։ Ապրիլի 17–ին Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մեկնարկի մասին և իր համախոհների հետ արգելափակեց պետական գերատեսչությունների շենքերի մեծ մասը։

«Հեղկոմի կազմում պետք է ներառվեն այն անձինք, որոնք մասնակցել են բողոքի ակցիաների կազմակերպմանը։ Կոմիտեում պետք է ներառվեն նաև ուսանողներ, որոնք ևս մասնակցում են ցույցերին», – հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով, կոմիտեի հիմնական գործառույթը պետք է դառնա «թավշյա հեղափոխության» գործընթացի հետագա կազմակերպումը։

«Մենք մտադիր ենք գործի դնել կոմիտեի ստորաբաժանումները ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի խոշոր քաղաքներում, գյուղերում և այլ բնակավայրերում։ Մտադիր ենք ստեղծել մեր շարժման ցանցային կառույցներ», – հայտարարեց Փաշինյանը։

Չորեքշաբթի Փաշինյանն ու համախոհները մի քանի ժամով փակել են Բաղրամյանի պողոտայում գտնվող ՀՀ վարչապետի նստավայրի մուտքը։ Նրանք այս պահին խաղաղ երթ են կազմակերպում մայրաքաղաքի փողոցներով` կոչ անելով միանալ ակցիային։–0–