Փաշինյանը նվիրել է Պուտինին «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադինիր Պուտինին է նվիրել Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը:
Գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՊՀ տարածքում, մասնավորապես, Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում 2016 թվականին կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Տեր–Հարությունյանի (Նժդեհ) հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր: Փաշինյանը կտրուկ պատասխան է տվել` նշելով, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացիայի, երիտթուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանության դեմ:
Փաշինյանը նշել է նաև, որ նմանատիպ գագաթնաժողովների ընթացքում պետք է անել ամեն հնարավորը, որպեսզի լարվածությունը երկրների և ժողովուրդների միջև չաճի, այլ հակառակը` երկխոսության, փոխզիջման, փոխադարձ վստահության և հարգանքի ուղիներ գտնվեն:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն անհարգալից են, նախևառաջ, հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ ես անհարգալից եմ համարում դրանք այն պետությունների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են», - ասել է ՀՀ վարչապետը:-0-