Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու գործը նոր դատավոր կքննի

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը մակարգվել է դատավոր Արթուր Մկրտչյանի, հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանների խումբը:
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 15:00-ին, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Պաշտպանական խումբը տեղեկացել է, որ դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:
«Նշենք նաև, որ դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից՝ հունվարի 10-ին, դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո, կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին ինքնաբացարկ է հայտնել պատճառաբանելով, որ հերթապահ չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել: Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին», - նշում է փաստաբանների խումբը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Սակայն դեկտեմբերի 7–ին Վերաքննիչ դատարանի նիստի արդյունքում նա կրկին կալանավորվեց։–0–