ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Արմեն Սարգսյանի` նախագահի պաշտոնում ընտրվելը
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է հայ–ռուսական հարաբերությունների զարգացումը Արմեն Սարգսյանի` նախագահի պաշտոնում ընտրվելու ֆոնին։
Հայաստանի խորհրդարանի 90 «կողմ» և 10 «դեմ» ձայնով Արմեն Սարգսյանն ընտրվեց Հայաստանի չորրորդ նախագահ։ Պատգամավորներն առաջին անգամ ընտրեցին պետության ղեկավարին, քանի որ երկիրն անցել է խորհրդարանական իշխանավարման։ Քվեարկությանը մասնակցեց 105 պատգամավորներից 101–ը։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։
«Հարաբերությունները կզարգանան այնպես, ինչպես նախատեսված է երկկողման համաձայնագրերով, բազմաթիվ գագաթնաժողովներով, բանակցություններով ու, առաջի հերթին, ելնելով երկու երկրների ժողովուրդների բարեկեցության սկզբունքներից», - ասել է Զախարովան։
Նա նաև նշել է, որ հայ–ռուսական հարաբերությունները կրում են պատմական բնույթ, իսկ դրանց զարգացման վեկտորներն ամրագրված են փաստաթղթերով։-0-