Սասուն Խաչատրյան. Հրայր Թովմասյանը կարող է հարցաքննվել առանց ՍԴ-ի հատուկ թույլտվության

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Քրեական գործի հետաքննության շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննության համար հատուկ թույլտվություն պետք չէ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության տնօրեն Սասուն Խաչատրյանը:
Հոկտեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Ըստ պատգամավորի, Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով:
«Մենք իրավունք ունենք հարցաքննության կանչել ցանկացած անձի, դրա համար մեզ պետք չէ Սահմանադրական դատարանի թույլտվությունը», - ասաց Խաչատրյանը:
Միաժամանակ նա պատասխանեց լրագրողների հարցին, թե կարող է, արդյո՞ք, Թովմասյանը հարցաքննվել որպես մեղադրյալ:
«Դա իրավական հարց է, ինչի վերաբերյալ ես հիմա չեմ խոսելու», - հայտարարեց նա:
Հոկտեմբերի 4–ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: Սակայն հոկտեմբերի 14-ին, Սահմանադրական դատարանն աշխատանքային կարգով որոշեց մերժել Ազգային ժողովի` դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը: Նախապատրաստած նյութերի հիման վրա որոշում է ընդունվել քրեական գործ հարուցել Հայաստանի ՔՕ 300–րդ հդովածի 1–ին մասով (Պետական իշխանությունը յուրացնելը)։
Հրայր Թովմասյանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը 2010-ից 2015 թվականները, իսկ 2018 թ.-ի գարնանն ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ:-0-