Սերժ Սարգսյանը կոչ է անում զինյալներին զենքը վայր դնել և հանձնվել

Սերժ Սարգսյանը կոչ է անում զինյալներին զենքը վայր դնել և հանձնվել

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների հետ ունեցած խորհրդակցության ժամանակ կոչ է արել Երևանում ՊՊԾ գնդի շենքը զավթած զինյալներին զենքը վայր դնել: 

«Մենք շարունակում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար: Կրկին կոչ եմ անում զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը: Մենք գործում ենք և գործելու ենք համբերատար: Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և առողջությունը թանկ է մեզ համար», - ասել է նա:

Նախագահը հանձնարարել է իրավապահ մարմինների ղեկավարներին իրենց գործունեությունը շարունակել իրականացնել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում:

Ընդ որում, նախագահն ընդգծել է, որ իշխանությունները չեն գնացել այսպիսի իրավիճակներում դասական համարվող ճանապարհով: Դրանով հնարավորություն է տրվել զինված խմբին հետքայլ կատարելու համար:

«Հուսով եմ, որ նրանք կսթափվեն: Բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ողջ հանրությունն այս լարվածության պատանդը դառնա», - ասել է Սարգսյանը:

Ընդ որում նախագահը համոզմունք է արտահայտել, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան «մենք կարող ենք մեզ թույլ տալ»:

«Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունն իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին: Մեկ անգամ ևս բոլորիս զգոնության և զսպվածության կոչ եմ անում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի ապագայի», - հայտարարել է նախագահը:

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։ 

Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի հանդեպ հարուցվել է քրեական գործ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:20 22.07.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×