Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Շավարշ Քոչարյան. հասունացել է պահը, երբ հարկավոր է վերանայել Ղարաբաղյան հակամարտության շուրջ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները

15.09.2016, 15:34
Ղարաբաղյան հակամարտության շուրջ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է վերանայվեն:
Շավարշ Քոչարյան. հասունացել է պահը, երբ հարկավոր է վերանայել Ղարաբաղյան հակամարտության շուրջ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության շուրջ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է վերանայվեն, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա նշեց, որ, ըստ էության, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն իրականացվել, հենց դա է պատճառը, որ իրականության մեջ բանակցային գործընթացում առաջընթաց լինել չի կարող:

Մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի nախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների արտգործնախարարների ներկայությամբ: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ԼՂ հիմնախնդրին նվիրված եռակողմ գագաթնաժողով` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

Քոչարյանն ընդգծեց, որ տվյալ պայմանավորվածությունների շրջանակում, այս պահի դրությամբ քննարկվում է միայն հրադադարի պահպանման ռեժիմի ամրապնդման, Ադրբեջանի կողմից դիվերսիաների դադարեցման, ԵԱՀԿ դիտարկման խմբի հնարավորությունների ամրապնդման հարցերը` առանց որի հնարավոր չէ խոսել բանակցային գործընթացի մասին:

Փոխարտգործնախարարը նշեց, որ հաջորդ կարևոր ասպեկտը այն է, որ Մադրիդյան սկզբունքներն իրենցից ներկայացնում են փոխադարձ զիջումներ, այդ թվում` տարածքների և կարգավիճակի հարցեր:

«Սակայն Ադրբեջանի կողմից ապրիլյան ռազմական ագրեսիայից հետո հարկավոր է լրջորեն խորհել այդ ասպեկտների շուրջ: Ժամանակին, արդեն իսկ լուրջ զիջումներ եղել են` Մադրիդյան սկզբունքները որպես հիմք ընդունելու համաձայնության տեսքով, որոնք նախատեսում էին հետաձգված հանրաքվե, քանի որ այն ժամանակ համանախագահները լրջորեն հիմնավորեցին հետաձգված հանրաքվեի պատճատները, որպեսզի Բաքվի իշխանությունները կարողանան նախապատրաստել իրենց ժողովրդին այն մտքին, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինելու: Սակայն նրանք այդ ժամանակն օգտագործեցին ճիշտ հակառակ ուղղությամբ», - ասաց Քոչարյանը:

Փոպարտգործնախարարի կարծիքով, հասունացել է պահը, երբ հարկավոր է լրջորեն վերանայել նախորդ բոլոր պայմանավորվածությունները, ընդ որում, ընդգծեց, որ բանակցային գործընթացում առաջընթաց չի լինի` առանց Վիեննայում և Պետերբորգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման:

«Մենք միշտ քննարկել ենք տարատեսակ առաջարկներ, սակայն այսօր միայն մի փաստաթուղթ կա, որ հակամարտության երեք կողմերից երկուսն ընդունում են որպես բանակցությունների հիմք, և դա Մադրիդի փաստաթուղթն է, մնացածը եղել է քննարկումների, բանակցությունների մակարդակով: Այս առումով, հարկավոր է ելնել այն իրականությունից, որ փաստաթուղթը որպես հիմք ընդունել են միայն Հայաստանը և Ադրբեջանը, իսկ Ղարաբաղը այն որպես հիմք չի ընդունել», - ասաց Քոչարյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։–0–