Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս

19.09.2017, 20:52
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի` նախօրեին արված հայտարարությունը։
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի` նախօրեին արված հայտարարությունը։

Նախօրեին Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով համաժողովի մասնակիցների հարցերին, հայտարարել է հետևյալը. «Մի կարծեք, թե մենք կարող ենք ինչ–որ մեկի միամտաբար հավատալ և հենց այնպես ինչ–որ բան տալ։ Խոսելով վերադարձի մասին` ես ասացի, որ խոսքն այն տարածքների մասին է, որոնք անվտանգության տեսանկյունից սպառնալիք չեն դառնա Արցախի և հարցի լուծման համար»։

«Նախօրեին նախարարը միայն հիշեցրել է երեք համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված են միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը», – ասաց Քոչարյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։

Նա նշեց, որ ներկայացնելով այդ տարրերը` Նալբանդյանը երկու բան է նշել:

«Այն, ինչ  վերաբերում է միջանցքին, որը մենք առանց այդ էլ գիտեինք, որ կա, և այդ միջանցքը պետք է այնպիսին լինի, որ որևէ զենքի համար հասանելի չլինի», – ասաց Քոչարյանը։

Նա նաև ընդգծեց, որ ինչ վերաբերում է տարածքներին, ապա պետք է ապահովվի այն պայմանը, որը չի վտանգում Արցախի բազմաշերտ անվտանգությունը։

«Ըստ էության, ինչ-որ երեկ ասվել է, ընդամենը նշաձողն է բարձրացվել, ինձ համար ուղղակի զարմանալի է, ոչ մեկ ոչ մեկի ոչ մի տարածք չի տալիս, խոսքը վերաբերում է նրան, որ այն փաթեթը, որը կար, որը մեզ ներկայացրել են միջնորդները, այդ փաթեթի երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները», – ասաց Քոչարյանը։

Փոխնախարարը նաև նշեց, որ այսօր Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ եղել են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները։

«Առհասարակ, բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, եթե չկա վստահություն կողմերի միջև, այսինքն` եթե կրակում են, սադրում են», – ասաց Քոչարյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-