Ստեփանակերտը ծիծաղելի է համարում Ալիևի խոսքերը Ղարաբաղին ինքնավարություն տրամադրելու պատրաստակամության մասին
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար ԴավիթԲաբայանը ծիծաղելի է համարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության մասին:
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող է լինել փոխզիջում տեղական ինքնավարության, Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցերի շուրջ, ապագայում, եթե լինի պայմանավորվածություն, ապա կարող է լինել ինքնավար հանրապետություն։
«Ես կարծում եմ, որ դա նույն հին սկավառակն է, որն ադրբեջանական ղեկավարությունն անընդհատ «միացնում» է և ինքն էլ լսում, քանի որ ուրիշ ոչ ոք նման առաջարկներին լուրջ չի կարող վերաբերվել», - ասաց Բաբայանը «Նովոստի-Արմենիա» գործակալության տված հարցազրույցում:
Նա հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղն արդեն ունեցել է ինքնավար կարգավիճակ` անկախ նրանից այն հանրապետություն էր, թե շրջան: «Բայց նորից Ադրբեջանի կազմում ընդգրկվելը...Կարծում եմ, որ նմանատիպ կատակների և ծաղրանքների փոխարեն պարոն Ալիևին հարկավոր է ավելի կառուցողական և իրատեսական մտածել այն ուղղությամբ, թե ինչպես ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը», - ընդգծեց Բաբայանը:
Չնայած, Բաբայանի խոսքով, Ադրբեջանի նախագահի խոսքերում որոշակի առաջընթաց կա:
«Մինչ այդ նա ասում էր, որ կոչնչացնի Ղարաբաղը, այժմ պատրաստ է ինքնավար հանրապետության կարգավիճակ տրամադրել: Եթե այսպես շարունակվի, միգուցե մի քանի ամսից նա կհանգի միակ ճիշտ որոշման, և Ադրբեջանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մենք մեր հերթին պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի Հանրապետությունը, և դրանից հետո հակամարտությունը կարելի է գրեթե կարգավորված համարել», - նշեց Ղարաբաղի մամուլի քարտուղարը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ներկայացված հեռանկարը անլուրջ է, քանի որ դա արդեն վաղուց անցած ճանապարհ է, և Ադրբեջանը նման հայտարարություններով հերթական անգամ ցույց է տալիս, որ պատրաստ չէ հակամարտության համապարփակ և երկարաժամկետ կարգավորման:
Ընդ որում, Բաբայանը կարծում է, որ Բաքվում լիովին գիտակցում են նման տարբերակի անհնարին լինելը:
«Պարզապես Ալիևը, այսքան տարիներ սեփական ժողովրդին թունավորելով հակահայկական գաղափարախոսությամբ, ինքն իրեն փակուղի է գցել: Այդ փակուղուց կարելի է դուրս գալ, սակայն դրա համար հարկավոր է քաղաքական կամք և ուղղակի խիզախություն և ազնվություն: Բայց երբ նմանատիպ հայտարարություններ են արվում, դա իսկապես ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն, հատկապես նրա վերնախավը և իշխող տոհմը, պատրաստ չեն համապարփակ կարգավորման», - ընդգծեց Բաբայանը:
Նրա կարծիքով, եթե Ադրբեջանն իրեն ժողովրդավարական պետություն է համարում, ապա այն պետք է ինքնավարություն տա այն ժողովուրդներին, որոնք այժմ ապրում են այդ երկրի տարածքում:
«Դրանք են լեզգինները, թալիշները, ավարները, թաթարները: Նրանք անընդհատ ինքնավարություն են խնդրում: Ինչո՞ւ Ադրբեջանը նրանց ինքնավարություն չի տրամադրում: Իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում դա արդեն վաղուց անցած փուլ է», - նշեց Բաբայանը:
Նրա խոսքով, եթե Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի իր հասարակությունը զարգանա ներդաշնակ և այնտեղ խաղաղություն և անդորր տիրի, ապա լավագույն տարբերակը կլինի լեզգիններին, թալիշներին և ավարներին ինքնավարություն տալը, առնվազն այդ երեք ժողովուրդներին: -0-