«Թավշյա» հեղափոխությունը կարող է հանգուցալուծվել առաջիկա օրերին. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսել է «թավշյա» հեղափոխության զարգացման հնարավոր սցենարի մասին։
«Մենք քննարկում ենք իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարը և չենք բացառում, որ «թավշյա» հեղափոխությունն առաջիկա օրերին կարող է հասնել իր տրամաբանական հանգուցալուծման», – ասաց Փաշինյանը լրագրողներին ուրբաթ երթի ժամանակ։
Նա միաժամանակ չբացառեց, որ «Հայաստանում իշխանափոխության օր» կարող է դառնալ ապրիլի 24–ը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
«Ապրիլի 24–ին մենք իսկապես նախատեսում ենք այցելել Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին։ Կարելի է ենթադրել, որ հենց այդ օրը կարող է դառնալ իշխանափոխության օրը։ Հիմա քննարկում ենք նաև այդ սցենարը», – հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ շարժման հետագա քայլերի մասին կհայտարարի այսօր Հանրապետության հրապարակում ժամը 19։00–ին նախատեսված հանրահավաքի ժամանակ։
Մեկնաբանելով «թավշյա հեղափոխության » դեպքում Հայաստանի նոր իշխանական համակարգում իր հնարավոր դերակատարությունն ու վարչապետի պաշտոնում առաջադրվելու հավանականությունը` Փաշինյանը հայտարարեց, որ նա իրավունք չունի լուծել նման հարցեր։
«Նման հարցեր պետք է լուծի ժողովուրդը։ Եթե հետագայում ժողովուրդը որոշի ինձ ստանձնել պատասխանատվության այս կամ այն բեռը, ապա ես կկատարեմ ինձ վրա դրված պարտավորությունները», –հայտարարեց Փաշինյանը։
Ապրիլի 17–ին տեղի ունեցան վարչապետի ընտրությունները, ինչի արդյունքում 77 «դեմ» և 17 «կողմ» ձայներով վարչապետ է ընտրվել Սերժ Սարգսյանը։–0–