Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

Վիգեն Սարգսյանն առաջիկայում ՌԴ–ում կստորագրի Զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը

16.11.2016, 11:44
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկայում կայցելի Ռուսաստան, որտեղ կստորագրի երկու երկրների Զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը։
Վիգեն Սարգսյանն առաջիկայում ՌԴ–ում կստորագրի Զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկայում կայցելի Ռուսաստան, որտեղ կստորագրի երկու երկրների Զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը։

Այս մասին Վիգեն Սարգսյանը հայտարարել է երեքշաբթի երեկոյան ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, որը տևել է շուրջ չորս ժամ։

«Առաջիկայում ես պաշտոնական այցով կմեկնեմ Ռուսաստանի Դաշնություն», – նշեց Սարգսյանը։

Նախարարի համար սա կլինի առաջին օտարերկրյա այցը նոր պաշտոնում, որը նա ստանձնել է հոկտեմբերի 3–ին։ 

«Այցի ընթացքում կստորագրվի Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը», – տեղեկացրեց նա։

Սարգսյանը պարզաբանեց, որ այդ փաստաթուղթը «վերաբերում է այդ ստորաբաժանման կիրառման կարգին, հրամաններ տալուն և այլ հարցերին»։

«Այս ոլորտը կարգավորող բազմաթիվ փաստաթղթեր են եղել, սակայն դրանք այդքան համապարփակ չեն եղել, որքան այս համաձայնագիրը», – նշեց նախարարը։

«Մենք շատ սերտ համագործակցում ենք ռուս գործընկերների հետ», – ընդգծեց նախարարն ու ավելացրեց, որ դա վերաբերում է նաև սպառազինության ձեռքբերմանն ու ռազմատեխնիկական համագործակցությանը։

Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանը գնել է նորագույն ռուսական սպառազինություն Մոսկվայի տրամադրած արտոնյալ պետական վարկի շնորհիվ։ «Ձեռք բերված ողջ սպառազինությունը մատակարարվել է ճիշտ ժամանակին և նախատեսված ժամկետներում», – նշեց նա։

Գերատեսչության ղեկավարը նաև հաստատեց, որ Հայաստանը գնել է սպառազինությունը «ռուսական ներքին գներով` որպես ՀԱՊԿ–ի մասնակից և Ռուսաստանի դաշնակից»։ –0–