Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Երևանին դուր չի գալիս, որ Բաքուն զենք է գնում Հայաստանի դաշնակցից. Նալբանդյան

09.03.2016, 11:55
Հայաստանի կողմից ռուսական սպառազինության գնումը թույլ կտա կանխել իրավիճակի նոր լարվածությունը տարածաշրջանում, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Երևանին դուր չի գալիս, որ Բաքուն զենք է գնում Հայաստանի դաշնակցից. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կողմից ռուսական սպառազինության գնումը թույլ կտա կանխել իրավիճակի նոր լարվածությունը տարածաշրջանում, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում տարածած հաղորդագրության համաձայն` Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի մոտ 200 մլն դոլարի պետական էքսպորտային վարկ սպառազինություն գնելու նպատակով։ Վարկը տրամադրվել է 10 տարով` մինչև 2018 թ.–ի սկիզբը վճարելու տարկետմամբ, ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը ֆինանսավորելու համար։

Հայաստանը Ռուսաստանից գնում է «Սմերչ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ռազմամթերք, «Իգլա–Ս» զենիթահրթիռային համալիրներ, «Ավտոբազա–Մ» ռադիոտեխնիկական հետախուզման ցամաքային համալիրներ, ծանր հրանետային համակարգեր` տրանսպորտային–լիցքավորող մեքենաներով, 9М113М տեսակի կառավարվող հրթիռներ և այլն։

«Մենք ստիպված ենք ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու և նոր լարվածություն թույլ չտալու համար», – ասել է Նալբանդյանը։

Նախարարը նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը բազմիցս մեծացրել է իր ռազմական ծախսերը: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը դաշնակցային ռազմավարական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, շատ սերտ ռազմական, այդ թվում ռազմատեխնիկական համագործակցություն:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք զենք ենք գնում առաջին հերթին մեր ռազմավարական դաշնակցից, մենք այսուհետ ևս սերտորեն համագործակցելու ենք Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական առումով», – ասել է Նալբանդյանը։

«Այն, որ Ռուսաստանը, որպես զենքի խոշորագույն արտադրողներից մեկը, զենք է վաճառում տարբեր երկրների, բնական է, սակայն մենք չենք կարող ոգևորված լինել, որ Ադրբեջանը զենք է գնում և գրեթե ամեն օր սպառնում նոր պատերազմ սկսել» – ընդգծել է արտգործնախարարը։

Նրա խոսքով` Հայաստանին չի կարող դուր գալ, որ Ադրբեջանը զենքը գնում է իր ռազմավարական դաշնակցից, որը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանի հետ համագործակցության համար, այդ թվում ՀԱՊԿ շրջանակներում։

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ–ները հաղորդել էին, որ Ադրբեջանը Ռուսաստանին նոտա է հղել Հայաստանին զենք վաճառելու կապակցությամբ, որտեղ նշվում է, որ «Հայաստանին զենքի մատակարարումը հանգեցնում է հակամարտության սրման ղարաբաղյան տարածքում և խանգարում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին: 

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-