Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովը

18.09.2017, 10:42
Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովն է մեկնարկել երկուշաբթի Երևանում։
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովն է մեկնարկել երկուշաբթի Երևանում։

Համաժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20–ը, նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմանը և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին, ինչպես նաև «Էրեբունի–Երևան 2800» տոնին։

Համաժողովին մասնակցում են Հայաստանի և Արցախի գերատեսչությունների ղեկավարներ, փորձագետներ, ինչպես նաև Սփյուռքի ականավոր գործիչներ, այդ թվում` Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը։ Զեկույցներով ելույթ կունենան Բելգիայի, ԱՄՆ–ի, Ռուսաստանի, Արգենտինայի, Լիբանանի, Պորտուգալիայի, Կանադայի, Իրանի, Ռումինիայի, ԱՄԷ–ի և Սիրիայի սփյուռքահայ կառույցների ներկայացուցիչներ։

Բացման արարողությանը ելույթ ունեցան Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, այս պահին ելույթ է ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Օրակարգում են նաև Արցախի նախագահի, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի ելույթները։

Առաջին անգամ համաժողովի աշխատանքում առանձնացվել են չորս գլխավոր ուղղություններ` «Հայաստանի զարգացման հիմնական խնդիրները», «Հայաստանի պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում», «Արտաքին քաղաքականության օրակարգը» և «Հայապահպանության հիմնական խնդիրները»։ Այս ուղղություններով աշխատանքը կազմակերպելու համար ընտրվել են պատասխանատու գերատեսչություններ` պաշտպանության, արտաքին գործերի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, ինչպես նաև սփյուռքի նախարարությունները։

Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում իրենց նվաճումները կներկայացնեն կրթական հաստատություններ, գինու, կոնյակի և տեքստիլի արտադրողները։ Իր տնտեսական և մշակութային նվաճումները կներկայացնի նաև Արցախը։ -0-