Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Երևանը և Մոսկվան միտված են երկկողմանի ռազմավարական կապերի ամրապնդմանը. կայացել է Փաշինյանի և Մեդվեդևի հանդիպումը

09.08.2019, 17:33
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։
Երևանը և Մոսկվան միտված են երկկողմանի ռազմավարական կապերի ամրապնդմանը. կայացել է Փաշինյանի և Մեդվեդևի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։

Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ անելիքների շուրջ։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը փաստել են, որ երկկողմ հարաբերություններում արձանագրվում է դինամիկ աճ, և պետք է շարունակել ակտիվ աշխատանքը հայ-ռուսական դաշնակցային կապերն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։

«ՌԴ կառավարության նախագահը ողջունել է Հայաստանի հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում և նշել, որ երկկողմ հարաբերություններում վերընթաց զարգացում կա, ինչի մասին է վկայում տարբեր մակարդակներում բարձրաստիճան պաշտոնական հանդիպումների և շփումների հաճախականությունը՝ թե՛ երկրների ղեկավարների, թե՛ միջկառավարական, թե՛ միջխորհրդարանական ձևաչափերով», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

ՀՀ վարչապետը դրական է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ընթացքը և գոհունակությամբ խոսել, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում արձանագրված առաջընթացի մասին. 2019 թ. առաջին 6 ամիսների արդյունքներով Հայաստան այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 19 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2019 թ. առաջին կիսամյակի արդյունքներով աճել է 12.8 տոկոսով։ «Վարչապետ Փաշինյանը նաև գոհունակությամբ նշել է, որ Վերին Լարսում ծագող հարցերի լուծման օպերատիվ մեխանիզմն արդյունավետ գործում է։ Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՏՄ-ի ամբողջ ներուժի լիարժեք օգտագործումը», - հայտնում են կառավարությունից։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներն անդրադարձել են գազի, ատոմային էլեկտրակայանի, ավիափոխադրումների ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև վերջին շրջանում հայաստանյան և ռուսաստանյան ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի շուրջ։-0-