ԶԼՄ–ները հաղորդում են Մեդվեդևի երևանյան այցի չեղարկման մասին, հայկական աղբյուրները դա չեն հաստատում
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. ԶԼՄ–ները հաղորդում են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցի չեղարկման մասին, որպեսզի այս այցը չգնահատվի որպես աջակցություն ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցի մասին հաղորդագրությունը հրապարակվեց ՌԴ կառավարության կայքում մարտի 24–ին։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ ապրիլի 7–8–ը Դմիտրի Մեդվեդևը կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, ինչպես նաև բանակցություններ կվարի Հայաստանի ղեկավարության հետ։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում էր քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում։
Ինչպես ՌԲԿ–ին ասել են ՌԴ կառավարության երկու զրուցակիցները, Մեդվեդևի երևանյան այցը չեղյալ է հայտարարվում, չնայած ՌԴ վարչապետի այցը նախապատրաստող խումբն արդեն մեկնում էր Երևան։
Զրուցակիցներից մեկի խոսքով` երևանյան այցը չեղյալ է հայտարարվել այն պատճառով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրման ժամանակ ՌԴ վարչապետի այցը չգնահատվի որպես աջակցություն հակամարտող կողմերից մեկին։
ՌԴ պատվիրակության անդամները, որոնք պատրաստվում էին մեկնել Երևան, արդեն նախազգուշացված են, որ ծրագրերը փոխվել են, նշում է զրուցակիցներից մեկը։
Գագաթնաժողովի չեղարկման տեղեկատվությունը հաստատել է ԵՏՄ անդամ երկրներից մեկի դիվանագիտական աղբյուրը։ Նրա խոսքով` այցի ամսաթիվը հետաձգվել է։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարությունից, Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցի ծրագրերում որևէ փոփոխություն դեռ չկա։ –0–