Ադրբեջանի հերթական ձախողված սադրանքը. ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը կանխել է Մեծամորի ԱԷԿ–ի փակման դրույթի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակությունը կանխել է Ադրբեջանի փորձը, որը ցանկանում էր հայկական ԱԷԿ–ի աշխատանքը դադարեցնելու մասին դրույթը ներառել «Ատոմային անվտանգությունը Եվրոպայում» բանաձևում, Facebook–յան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։
Ըստ նրա, այս բանաձևն ընդունվել է ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում։
Նա նշել է, որ բանաձևի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման և պատահարների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում ռիսկերի նվազեցման համար։
Հայկական պատվիրակության ղեկավարը նշել է, որ առանցքային էր նաև, որ այս բանաձևով Վեհաժողովը պահանջ է ներկայացնում բելառուսական իշխանություններին չգործարկել Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսից ընդամենը 45 կմ հեռավորության վրա կառուցվող Օստրովեցի ատոմակայանը, մինչեւ այն չհամապատասխանի միջազգային չափանիշներին։
«Այս բանաձևի կապակցությայմբ ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր բանաձևում ներառել ձևակերպումներ Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար։ Չստացվեց՝ կանխեցինք», – գրել է նա Facebook–ի իր էջում։
Ըստ նրա, օրակարգը ոչ միայն հագեցած էր լիագումար նիստերի դահլիճում, այլ նաեւ նաև քաղաքական խմբերում։
«Այս առումով ԵԺԿ խմբում կարողացա կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը։ Արդյունքում ԵԺԿ խմբի կողմից նշանակված նոր համազեկուցողն է սլովենացի Անդրեյ Շիրչելը», – գրել է Արփինե Հովհաննիսյանը։–0–