Ակտիվիստները պահանջում են կարգապահական միջոցներ ձեռնարկել դատավոր Ազարյանի նկատմամբ
14.08.2018,
13:39
Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ հավաքված ակտիվիստները ստորագրահավաք են սկսել:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ հավաքված ակտիվիստները ստորագրահավաք են սկսել, որպեսզի ԲԴԽ–ն վերանայի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները։
«Պահանջը մեկն է դատավոր Ազարյանի նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկելն է, հիմնականում դա պետք է լինի լիազորությունների դադարեցում», – ասաց դատավոր Վահե Գրիգորյանը։
Ալեքսանդր Ազարյանն երեկ Վերաքննիչ դատարանում լսել և բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը։
Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը կայացրել է դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ 1998-1999 եւ 2001-2006թթ, աշխատել է նրա աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ:
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։-0-