ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ-ին 100մլն դոլար հատկացնել ՀՀ–ին և Արցախին
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 35 անդամ միացել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեի կոչին, որը վերաբերում է Հայաստանին և Արցախին 100 մլն դոլարի չափով օգնություն հատկացնելուն: Այդ մասին հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA):
Օգնությունն առաջարկվում է բաշխել հետևյալ կերպ. Արցախ` 6 մլն դոլար` ականազերծման աշխատանքներն ավարտի հասցնելու և հաշմանդամների վերականգնման համար, 4 մլն դոլար` Ռոյս-Էնգելի առաջարկությունների հիման վրա խաղաղությանը նախապատրաստելու համար, այդ թվում` ԵԱՀԿ դիտարկումների շրջանակներում կրակային կետերի հայտնաբերման համակարգերի ներդրումը: Հայաստան` 60 մլն դոլար` որպես տնտեսական օգնություն, 10 մլն դոլար` ռազմական օգնություն և 20 մլն դոլար` Մերձավոր Արևելքի փախստականներին ապաստան տրամադրելու համար: Ադրբեջան` դադարեցնել ողջ ռազմական օգնությունը ԱՄՆ-ի կողմից և հետևել 907 բաժնին:
«Ազատության աջակցության ակտը» ներառում է 907 բաժինը, որում ասված է. «Այս կամ այլ ակտի հիման վրա ԱՄՆ-ի օգնությունը…չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը քանի դեռ այդ երկրի նախագահը չի որոշել և չի հայտնել Կոնգրեսին այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է ցուցադրական քայլեր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող շրջափակումը և ուժի սպառնալիքի կիրառումը դադարեցնելու համար»:-0-