Արա Բաբլոյանը հանդիպում է նախատեսում Նիկոլ Փաշինյանի հետ
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։
«Ուշադրությամբ հետեւել եմ ՀՀ կառավարության 100 օրերի գործունեությանը և որպես խորհրդարանի ղեկավար՝ գործընկերոջիցս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ակնկալել եմ տեսնել ծրագիր` ուղղված երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը և իհարկե ժողովրդավարության էլ ավելի ամրապնդմանը: 100 օրը գուցե քիչ է այս հարցերի վերաբերյալ վարչապետի ամբողջական տեսլականը և դրանց լուծման կառուցողական ուղիները լսելու համար, – հայտնել է նա։
Նա նշել է, որ անշուշտ պետք է պայքարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ։
«Համոզված եմ, որ ժողովրդի ձայնը միշտ պետք է լսել, ժողովրդին հարկավոր է հնարավորինս իրազեկել և ներգրավել կարեւորագույն որոշումներն ընդունելիս, քանի որ, ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սակայն այս ամենն իրականացնելիս պարտավոր ենք առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք պահպանմամբ: Այս առումով ցավով եմ արձանագրում, որ խորապես մտահոգված եմ երկրում ստեղծված իրավիճակով», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
Ըստ նրա, երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները և հանրային համերաշխությունը վտանգված են։ Նա նշել է, որ հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության և հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու և անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ է տեսնում։ տեսնում։
«Այս մտահոգությունս առավել խորանում է հատկապես վարչապետ Փաշինյանի ելույթում հնչած այս ձևակերպմամբ, մեջբերում եմ. «Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել, հետո էլ ասում են մեր խոսքի ազատությունը սահմանափակում եք: Դուք դեռ պետք է խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք», – նշել է Բաբլոյանը։
Համաձայն հայտարարության, այսպիսի ձևակերպումներն իր համար անսպասելի էր լսել վարչապետ Փաշինյանից այն պարզ պատճառով, որ դա ուղղակի ոտնձգություն է այլակարծության նկատմամբ։
«Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը՝ նախատեսում եմ հանդիպումներ Հանրապետության նախագահի, Հանրապետության վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի և միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը», – գրել է Բաբլոյանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:37 20.08.2018