Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Մինասյանի նշանակումը կնպաստի ծրագրերի արդյունավետ իրականացմանը. վարչապետ

25.02.2016, 17:22
Արծվիկ Մինասյանի նշանակումն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում կնպաստի գերատեսչության հետագա բոլոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին   ներկայացրելիս նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
 Մինասյանի նշանակումը կնպաստի ծրագրերի արդյունավետ իրականացմանը. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Արծվիկ Մինասյանի նշանակումն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում կնպաստի գերատեսչության հետագա բոլոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին   ներկայացրելիս նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը մեծ հնարավորություն է, որպեսզի համատեղ կարողանան լուծում տալ մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին:

Վարչապետը բարձր է գնահատել Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ներդրումը մեր երկրի զարգացման գործում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար:

«Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում կարևոր ծրագրերը և բարեփոխումները լավ հիմքերի վրա են դրվել, արձանագրվել են ակնառու ձեռքբերումներ, և Կարեն Ճշմարիտյանն իր գիտելիքն ու փորձը այսուհետ ևս կշարունակի ներդնել մեր երկրի հետագա զարգացման գործում»,-ասված է հաղորդագրությունում:

Ներկայացնելով Արծվիկ Մինասյանին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ նրա ակտիվ գործունեությունը քաղաքական դաշտում, բարեփոխումների ընթացքում  բոլորին է հայտնի:

Վարչապետը նորանշանակ նախարարին է հայտնել իր և կառավարության աջակցությունը և վստահություն հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը նախարարի գլխավորությամբ կշարունակի ակտիվ ու արդյունավետ գործունեությունը:

Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին և վարչապետին՝ աջակցության և վստահության համար, ինչպես նաև նախարարության աշխատակազմին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի արդյունքում կարողացել են անհրաժեշտ հիմքեր ստեղծել և պատվով դուրս գալ մարտահրավերներից:

Կարեն Ճշմարիտյանն Արծվիկ Մինասյանին մաղթել է ամենայն բարիք և պատրաստակամություն հայտնել սատար կանգնելու այն բոլոր ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են լինելու երկրի տնտեսական հիմքերի ամրապնդմանը:

Իր հերթին, Արծվիկ Մինասյանը նշել է, որ քաղաքական հուշագրի շրջանակում երկու քաղաքական ուժերը միավորում են ջանքերը նաև տնտեսական քաղաքականության իրականացման գործում:

Պարոն Մինասյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին, վարչապետին և ՀՅԴ-ին՝ աջակցության և վստահության համար: Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև պարոն Ճշմարիտյանին ոչ միայն այս ընթացքում ծավալած գործունեության, այլև այն տարիների, երբ Հայաստանն արձանագրեց երկնիշ տնտեսական աճ:

Նրա խոսքով՝ այս փոփոխությունը քաղաքական հենքի վրա է, և ինքը վստահ է, որ պրոֆեսիոնալ թիմի հետ կկարողանան նոր տնտեսական քաղաքականության հենքի վրա զարգացնել նաև այն ծրագրերը, որոնք նախանշված են եղել, որովհետև այլևս ՀՅԴ-ն պատախանատվություն է վերցրել նաև կառավարության բոլոր ծրագրերի կատարման համար: Արծվիկ Մինասյանը վստահություն է հայտնել, որ կարձանագրվեն լավ արդյունքներ:

Ամփոփելով ՀՀ վարչապետը կարևորել է Էկոնոմիկայի նախարարության գործունեությունը և նշել, որ այն ունի մեծ անելիք: «Կիսում եմ պարոն Ճշմարիտյանի այն մոտեցումները, որ մենք 2015 թվականին ունեցել ենք լուրջ մարտահրավերներ և բոլորիս ուժերի համատեղմամբ կարողացանք ունենալ նաև տնտեսական աճ, ի տարբերություն տարածաշրջանի երկրների, գործընկեր երկրների, որոնք ունեցան տնտեսական անկում: Իհարկե, դա մեզ չի բավարարում, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապագայում ունենանք երկնիշ տնտեսական աճ, ինչը հնարավորություն կտա բարելավել հասարակության սոցիալական վիճակը: Համոզված եմ, որ պարոն Մինասյանի գլխավորությամբ պրոֆեսիոնալ թիմն ամեն ինչ կանի՝ 2016 թվականին հաջողություններ արձանագրելու և մարտահրավերներին դիմակայելու համար: Քանի որ աշխարհը շատ արագ է փոփոխվում, աշխարհաքաղաքական զարգացումներն անկախատեսելի են, մենք պետք է լինենք միասնական, հանդուրժող և անենք հնարավորը, որպեսզի կարողանանք ապահովել մեր տնտեսության զարգացումը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: -0-