Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Կիևում

03.12.2013, 14:02
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Կիևում դեկտեմբերի 5–ին ծրագրված ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Կիևում
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Կիևում դեկտեմբերի 5–ին ծրագրված ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում (նոյեմբերի 19–ին) դրական է գնահատվում։ Նախագահները հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին հանդիպում անցկացնել ղարաբաղյան կարգավորման աշխուժացման համար... Մենք կհանդիպենք Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ առաջիկա երկու օրերին ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում»,– ասաց Նալբանդյանը։

Նրա խոսքով, հայկական կողմը կփորձի առաջ տանել բանակցային գործընթացը։

«Բայց կարևոր է նաև Ադրբեջանի դիրքորոշումը, կարևոր են իրատեսական մոտեցումները։ Մեր դիրքորոշումը հետևյալն է` հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,– ընդգծեց նա։

Նախարարը նշեց, որ եթե ադրբեջանական կողմը համաձայնի այդ դիրքորոշմանը, ապա կողմերը կկարողանան խնդրի լուծման ընդհանուր ուղիներ գտնել։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
 
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչև այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-