Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Բաքուն անգրագետ տեղեկատվական պատերազմ է վարում Հայաստանի հետ. փորձագետ

12.03.2015, 18:37
Բաքուն անգրագետ տեղեկատվական պատերազմ է վարում Հայաստանի հետ, քանի որ ծանոթ չէ հայ ժողովրդին հատուկ առանձնահատկություններին, կարծում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հարցերի փորձագետ Անժելա Էլիբեգոբան։
Բաքուն անգրագետ տեղեկատվական պատերազմ է վարում Հայաստանի հետ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Բաքուն անգրագետ տեղեկատվական պատերազմ է վարում Հայաստանի հետ, քանի որ ծանոթ չէ հայ ժողովրդին հատուկ առանձնահատկություններին, կարծում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հարցերի փորձագետ Անժելա Էլիբեգոբան։

Նրա խոսքերով` ադրբեջանական կողմի սխալն այն է, որ ապատեղեկատվությունը պատրաստվում է` նրա չափանիշներին համապատասխան, առանց հաշվի առնելու հայկական դաստիարակության առանձնահատկությունները։

«Ադրբեջանական կողմը սխալ է ընկալում մեր հասարակության իրական պատկերը», – «Sputnik Արմենիա» ռադիոյին տված հարցազրույցում ասել է Էլիբեգովան։

Սակայն փորձագետը կարծում է, որ չնայած հայ  ընթերցողների համընդհանուր գրագիտությանը, ամեն դեպքում, գոյություն ունի որոշակի հատված, որը, չճշտելով աղբյուրը, ընթերցում և տարածում է ապատեղեկատվությունը, որը տարածում է ադրբեջանական կողմը։

Նա նաև ընդգծել է, որ հիմա արմատապես փոխվել է համաշխարհային մամուլում ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը։ Այս տարի համաշխարհային ԶԼՄ–ներում ներկայացվել են երկու կողմերի տեսակետները, այն դեպքում, երբ շատ տարիներ Հայաստանի դիրքորոշումը չէր արտացոլվում։ Այս կապակցությամբ նա նշել է հայկական սփյուռքի դերի բարձրացումը։

«Տարբեր եվրոպական երկրներում նկատելի է տեղեկատվական ակտիվություն, որն ուղղված է ադրբեջանական ապատեղեկատվության քողազերծմանը», – ասել է փորձագետը։ Էլիբեգովան ավելացրել է, որ դա դրական միտում է, քանի որ մինչ օրս հայկական սփյուռքը հատուկ ուշադրություն չի դարձրել հայ–ադրբեջանական խնդիրներին։

«Ադրբեջանական կողմի համար հիվանդագին է այն երևույթը, երբ Արցախը միջազգային հանրության առաջ կկանգնի ոչ թե միջնորդավորված, այլ ուղղակիորեն ինչպես զբոսաշրջության, այնպես էլ մշակույթի տեսակետից», – ասել է Էլիբեգովան` ավելացնելով, որ Արցախում այդ ոլորտներն ակտիվորեն զարգանում են։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-